38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ամեն օրը՝ նոր «զրոյական կետից»

Ամեն օրը՝ նոր «զրոյական կետից»
12.01.2024 | 18:08

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների և սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, «Մենք ոչ մի տեղ էլ չենք գնա, ոչ մի քայլ չենք անի ո՛չ 2021 թվականի մայիսին զբաղեցրած դիրքերից, ոչ էլ 2022 թվականի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից, որովհետև…»: «Որովհետև»-ն այս պարագայում արդեն էական չէ, եթե Հայաստանը բավարարի մի «որովհետև»-ը, անմիջապես կպարտադրվի հաջորդը և այդպես՝ շարունակ:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ալիևի նման խոսույթը: Անվիճելի ճշմարտություն է, որ նույնիսկ սովորական միջանձնային հարաբերություններում, երբ խոսքն ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին է, պայմանավորվողները միմյանց կատեգորիկ «ոչ» չեն ասում: Դիվանագիտության մեջ նույնպես կատեգորիկ բացառումներ կամ ժխտումներ չեն լինում, այլապես ավարտվում է դիվանագիտությունը, և խոսում են հրանոթները: Ալիևը դա ավելի լավ գիտի, քան նրա հայաստանյան վիզավին՝ Նիկոլ Փաշինյանը, բայց իրեն թույլ է տալիս հենց այդպես խոսել Փաշինյանի հետ, որովհետև վստահ է Հայաստանի թուլության, նրա իշխանությունների տգիտության ու զիջողականության մեջ: Այլ կերպ ասած՝ Ալիևը Հայաստանի հետ խոսում է բացարձակ վերջնագրային ոճով:

Այդ դեպքում հարց է ծագում՝ բա ո՞ւր մնացին Հայաստանին ու Փաշինյանին Արևմտյան տերությունների հայտարարած աջակցությունն ու անվտանգության հավաստիացումները: Բոլոր նրանց, ովքեր մինչև հիմա համոզված են, թե Արևմուտքը մեզ կօգնի, պետք է ասել, որ ի սկզբանե մոլորության մեջ են, որովհետև կամ կուրորեն հավատում են Փաշինյանի քարոզչությանը, կամ չեն հասկանում արևմտյան դիվանագիտության և այդ երկրների բուն էությունը: Ավելին, Ալիևը բաց տեքստով ցույց է տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում հավաքական Արևմուտքը՝ առառաջակելով Ֆրանսիային իր տարածքում Արցախին անկախություն շնորհել: Ալիևը հրաշալի գիտի, որ Արևմոտքը Հայաստանին ոչ մի գործուն աջակցություն չի ցուցաբերի, որ Հայաստանում չկա այդ աջակցությունն իր՝ Ադրբեջանի դեմ գործադրող քաղաքական ուժ, կամք և առաջադրանք ունեցող իշխանություն:

Ի դեպ, թող տպավորություն չստեղծվի, թե դրանով Ալիևը Հայաստանին հետ է մղում դեպի ռուսական կամ իրանական ազդեցության գոտի: Այդ ազդեցության դեմ Հայաստանի իշխանությունները, սեփական նախաձեռնությամբ, իրենից ավելի մեծ էնտուզիազմով են պայքարում:

Եթե ամփոփելու լինենք՝ Ալիևը կարողացավ Հայաստանին մղել դեպի Արևմուտք, որտեղից ոչ մի առարկայական օգուտ մենք չունենք, իսկ հյուսիսային և արևելյան հարևաններից ինքներս ենք մեզ կտրել՝ դեպի Արևմուտք ճանապարհին: Փաշինյանը պարտադրված է ամեն օրը սկսել նոր «զրոյական կետից»: Դա է պատճառը, որ Ալիևը կարողանում է Հայաստանի իշխանությունների հետ խոսել վերջնագրային բառապաշարով, ահա թե ինչու է Ադրբեջանը պնդում «խաղաղության պայմանագիրը» կնքել՝ չծանրաբեռնելով սահմանազատման հարցերով: Իսկ դրա հետևանքը լինելու է ոչ միայն «Զանգեզուրի միջանցքի» և «ադրբեջանական» 8 գյուղի հանձնումը, այլև նոր պատերազմը, բայց արդեն առանց Սյունիքի ու հյուսիս-արևելյան պաշտպանական գծի, այսինքն՝ Երևանի մատույցներում:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 6518

Մեկնաբանություններ